
729 դիտում
Հայաստանը Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագետների խմբի (ETAGE) կողմից վավերացվել է որպես հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին հասած երկիր։ Ձեռքբերման կապակցությամբ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանին հանձնվեց պաշտոնական հավաստագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատման շրջանակում առանցքային նշանակություն են ունեցել հեպատիտ B-ի դեմ պատվաստումների բարձր ընդգրկվածությունը, պերինատալ փոխանցման կանխարգելումը և պատվաստված խմբերում HBsAg-ի տարածվածության ցածր մակարդակի ապահովումը։
Ձեռքբերումը կարևոր քայլ է Հայաստանի իմունականխարգելման և հեպատիտ B-ի կանխարգելման ոլորտում և արտացոլում է ՀՀ կառավարության ու Առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության և միջոցառումների արդյունքները։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հավաստագիրը մեծ ձեռքբերում է և վկայում է այն մասին, որ ազգային իմունականխարգելման ծրագիրն աշխատում է և արդեն իսկ տալիս է իր արդյունքները։
«Մեր երեխաները զերծ են հեպատիտ B-ի սուր վիճակներից և այս շատ ծանր քրոնիկ հիվանդությունից։ Սա առաջին հերթին առողջապահական հարց է, բայց սա նաև տնտեսական հարց է։ Ամեն ամիս հեպատիտ B-ով քրոնիկ վիճակում գտնվող անձը ծախսում է 30-40 հազար դրամ միայն դեղորայքի վրա։ Պատկերացրեք՝ սա յուրաքանչյուր անձի և ընտանիքի, ինչպես նաև պետության համար ինչպիսի մեծ բեռ է։ Մենք, ներդնելով մեր երեխաների առողջության մեջ, նրանց զերծ ենք պահում հետագայում այս հիվանդությունից և ծախսերից։ Կարծում եմ՝ սա շատ մեծ արդյունք է, և ես շնորհավորում եմ ու շնորհակալություն եմ հայտնում ամբողջ առողջապահական համակարգին, մեր բուժաշխատողներին, առողջապահության կազմակերպիչներին և նախարարությանը նման ձեռքբերման առիթով»,- ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ լավ արդյունք ունենալը չի նշանակում կանգ առնել, անհրաժեշտ է առաջ շարժվել ու նոր թիրախներ սահմանել։
«Իհարկե, սա առիթ է՝ հետ նայելու, տեսնելու, որ մեր քաղաքականությունները և ջանքերը արդյունք են տալիս, և շարժվելու առաջ՝ էլ ավելի մեծ թիրախներ ընդգրկելու նպատակով։ Մենք նաև քննարկում ենք հիմա հեպատիտ B-ի քրոնիկ վիճակների կառավարման դեղորայքային ապահովման հարցը, որովհետև շատ կարևոր է, որ մեր պացիենտները նաև պաշտպանված լինեն իրենց ընթացիկ բուժման առումով։ Առաջին հերթին, մենք նախատեսում ենք հղիներին այս ծրագրում ներառելու հարցը, հետագայում՝ նաև ընդլայնելու։
Բայց պիտի շարունակենք պատվաստումների և ընդհանուր իմունականխարգելման ծրագրի շատ կարևոր աշխատանքները։ Այս ձեռքբերումները շատ հեշտ է կորցնելը, պետք է այն պահպանենք և էլ ավելի բարելավենք»,- ասաց նախարարը։
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի Պատվաստումների ծրագրերի հզորացման թիմի ղեկավար Ռոբերտա Պաստորեն ընդգծեց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ներկայացնելու համար՝ նշելով, որ Հայաստանը պատվաստումների միջոցով հասել է հեպատիտ B-ի վերահսկման նպատակներին։
Նրա խոսքով՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, 2015 թվականին, Եվրոպական պատվաստանյութերի գործողությունների ծրագրի շրջանակում, հեպատիտ B-ի վերահսկումը հռչակել է առաջնահերթություն։ Այն շարունակում է մնալ նպատակ նաև Եվրոպական պատվաստումների օրակարգ 2030-ի, ինչպես նաև վիրուսային հեպատիտների վերացման տարածաշրջանային գործողությունների ծրագրերի շրջանակում։
«Հեպատիտ B-ի վերահսկման նպատակների իրականացումը հաստատվում է խիստ գնահատման գործընթացի միջոցով, որի շրջանակում ուսումնասիրվում են պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշները և հեպատիտ B-ի տարածվածությունը։ Հայաստանը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ հեպատիտ B-ի վերահսկման նպատակների իրականացումը հաստատող ապացույցներ հավաքագրելու համար։
Հայաստանի վավերացման գործընթացը հաստատեց, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրի ջանքերը հաջող են եղել նորածինների և երեխաների շրջանում հեպատիտ B-ի դեմ համընդհանուր պատվաստում ներդնելու և պատվաստումների բարձր ծածկույթ ապահովելու գործում »,- ասաց Պաստորեն։
Ըստ նրա՝ սա ապացուցում է, որ Հայաստանը ոչ միայն հասել է հեպատիտ B-ի վերահսկման իր նպատակին, այլև անցել է դրանից՝ մոտենալով հիվանդության վերացման նպատակին։
«Ցանկանում եմ շնորհավորել ձեզ այս ձեռքբերման համար, որը Հայաստանին դարձնում է 11 վավերացված երկրներից մեկը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում պատվաստումների նկատմամբ նվիրվածության և ներդրումների շնորհիվ դուք կարողացել եք ստեղծել երեխաների և դեռահասների մի սերունդ, որը կմեծանա որպես ավելի առողջ մեծահասակ: Նրանք զերծ կլինեն հեպատիտ B-ի վարակից և դրա ծանր ու մահացու հետևանքներից»,- նշեց նա։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը, խոսելով թիրախային ձեռքբերմանը հասնելու ճանապարհի մասին, նշեց, որ սա ոչ միայն անցած տարիների աշխատանքի ամփոփումն է, այլև մի ճանապարհ, որի հիմքում ընկած են պետական և առողջապահական հետևողական քաղաքականությունը, առողջապահության ոլորտի մասնագետների նվիրված աշխատանքը և միջազգային գործընկերների աջակցությունը։
«Գիտենք, որ հեպատիտ B-ի դեմ պատվաստումը ներդրվեց ազգային օրացույցում մոտ 30 տարի առաջ և, ինչպես ցանկացած նոր ներդրվող պատվաստանյութ, անցավ իր հաջորդիվ փուլերը՝ սկզբից հերքում, հետո՝ մասամբ համակերպում և վերջապես ընդունում։ Դրա արդյունքում մենք հիմա ունենք այն պատկերը, ինչը նշվեց գործընկերոջ կողմից։ Իրականացված սոցիալական հետազոտություններն էլ փաստում են այս հաջողությունը։
Published by At https://armenpress.am/hy/article/1262090